Շվեդիայի խորհրդարանի կողմից մեկ ձայն տարբերությամբ ընդունված Հայկական ցեղասպանությունը դատապարտող որոշումը քննադատել է շվեդական կառավարությունը` համարելով, որ այն սխալ է եւ քաղաքականացնում է պատմությունը:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Շվեդիայի կառավարության կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իրենք ակտիվ ջանքեր են գործադրել կանխարգելելու հիշյալ օրինագծի ընդունումը խորհրդարանում, քանի որ քաղաքական գործիչները չպետք է պատմական իրադարձությունները որակավորեն:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։ Շրջանառության մեջ դրված նախագծի լոբբինգը կատարում էին շվեդիայի 3 ընդդիմադիր՝ Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների եւ Ձախերի կուսակցությունները։ Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ի նշան բողոքի, Թուրքիայի կառավարությունը ետ է կանչել Շվեդիայում Թուրքիայի դեսպանին եւ չեղյալ հայտարարել 2010-ի մարտի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շվեդիա: