Գերմանիայի Բունդեսթագի անդամ Քաթրին Վեռները նամակով դիմել է Գերմանիայի պետնախարար Կոռնելիա Պիպերին, որտեղ իր անհամաձայնությունն է հայտել հայերի ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի կառավարության դիրքորոշումների կապակցությամբ: Նշենք, որ այս խնդրի առնչությամբ Գերմանիայի կառավարությունը նշել էր հետեւյալը. «1915-16թթ. հայերի ջարդերի իրավաբանական որակմանը վերաբերող հարցին Գերմանիայի կառավարությունը պատասխանում է, որ այս թեմայի արժեւորումը պետք է վերապահվի գիտնականներին, իսկ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքն առաջին հերթին երկու երկրների գործն է՝ Թուրքիայի եւ Հայաստանի»:

Ինչպես NEWS.am-ին Գերմանիայից հայտնեց Թորոս Սարյանը, Վեռներն իր նամակում մասնավորապես նշել է. «Այս դիրքորոշմամբ ԳԴՀ կառավարությունն ակներեւաբար լիարժեքորեն ներկայացնում է թուրքական կառավարության պաշտոնական տեսակետը, որը ցանկանում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու միջոցով պարզաբանել այս հարցը: Սրանով Գերմանիայի կառավարությունն արժեզրկում է ժամանակին միաձայն ընդունված իր իսկ բուն որոշումը։ Եւ հիմա հանկարծակի այն կարծիքն է հայտնում, որ հակառակ փորձագիտական ծավալուն փաստերի՝ պատմաբանները նորովի պետք է հայտնաբերեն, թե արդյո՞ք դրանք (հայերի ջարդերը, խմբ.) ընդհանրապես համապատասխանում են պատմական փաստերին:

Նույն կերպ համամիտ չեմ Ձեզ հետ այն բանում, որ Ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքը առաջին հերթին վերաբերվում է միայն Թուրքիային եւ Հայաստանին: Գերմանական պատմությունից մենք գիտենք, թե որքան անհրաժեշտ է հասարակության դեմոկրատական զարգացման համար ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված ազնիվ աշխատանքը: Սեփական պատմության գորշ էջերի ճանաչումն է միայն սրում գիտակցությունը, որպեսզի նմանատիպ բաներ, հուսով ենք, այլեւս երբեք չկատարվեն»:

Նամակում նշվում է նաեւ, որ իր այս պահվածքով Գերմանիայի կառավարությունը հուսահատեցնում է թուրքական քաղաքացիական հասարակության այն ուժերին, ովքեր նաեւ իրենց անձը վտանգելով՝ Թուրքիայում պատմության հետեւանքների վերացմանն ուղղված քննադատական աշխատանք են տանում: «Վերջին տարիներին Թուրքիայում ուրախալիորեն հունի մեջ է մտել գնալով ավելի բաց երկխոսության մի գործընթաց: Եվ այս գործընթացում Թուրքիան Գերմանիայի կողմից կոնկրետ աջակցության ու քաջալերման կարիք ունի: Սակայն սրա նախադրյալը պետք է լինի այն, որ Գերմանիայի կառավարությունը սկզբից ինքը ճանաչի Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը՝ ներառյալ գերմանական աներկբա համապատասխանատվությունն այս հարցում»,- ասված է Վեռների նամակում: