Շվեդիայի խորհրդարանում մեկ ձայնի տարբերությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծում իր կարեւոր դերակատարումն է ունեցել արմատներով Վանից քուրդ կին պատգամավոր Գուլան Ավջըն: «Ժողովրդական» կուսակցությունը, որի անդամ էր Ավջըն, դեմ էր Ցեղասպանության օրինագծի ընդունմանը:
Firat գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ինքը իր կուսակցությանը դեմ է գնացել եւ կողմ քվեարկել այս օրինագծին, որ Թուրքիան առերես կանգնի իր պատմությանը: «Թուրքիայում քրդերն էլ են կանգնած ցեղասպանության վտանգի առաջ եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր է: Ես գիտեի իմ քվեն որոշիչ է լինելու եւ դա անհրաժեշտ էր: Որովհետեւ ժամանակն է, որ Թուրքիան անցյալում կատարած իր ցեղասպանությունները եւ կոտորածները ընդունի: Աշխարհում շատ երկրներ են Թուրքիային տեսնում, որպես ցեղասպան երկիր: Առաջին անգամ շվեդական խորհրդարանը ընդունեց պոնտոսի հույների, ասորիների ցեղասպանությունը»-նշել է Գուլան Ավջըն:
Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։ Շրջանառության մեջ դրված նախագծի լոբբինգը կատարում էին Շվեդիայի 3 ընդդիմադիր՝ Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների եւ Ձախերի կուսակցությունները։ Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ի նշան բողոքի, Թուրքիայի կառավարությունը ետ է կանչել Շվեդիայում իր դեսպանին եւ չեղյալ հայտարարել 2010-ի մարտի 17-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շվեդիա:



























