Մոլդովացի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն շարունակում է բողոքել։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա յուրացնում է «իշխանությունների կողմից հալածվող ճշմարտության դժբախ սիրահարի» կերպարը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ նպատակ է հետապնդում այս վարքը։ Իսկ նա օրեցօր շարունակում է բողոքել։

Այժմ նրա բողոքները կապված են հենց Մոլդովայի իշխանությունների հետ։ Հիշեցնենք, որ այս անգամ նա բողոքում է, որ նրա տունը փորձել են ախտահանել՝ կապված բնակարանի հակասանիտարական վիճակի հետ։ «Տեղեկություններ են տարածվում, թե մորս տանը հակասանիտարական վիճակ է։ Ընդ որում, այդ իրավիճակը կապում են ինձ հետ՝ չնայած որ այնտեղ են բնակվում մայրս եւ քույրս։ Մայրս համակենտրոնացման ճամբարների պատանդ է եղել եւ նման վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է»,-հայտարարել է Գրիգորիուն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում։

 «Իմ դեմ տեղեկատվական պատերազմ են վարում։ Անում են ամեն բան՝ ժողովրդի թշնամու կերպար ստեղծելու համար։ Դա այսօրվա իշխանությունների մենթալիտետն է։ Խնդիրն այն է, որ ես օմբուդսմեն եմ նշանակվել նախկին իշխանությունների օրոք, եւ նրանք, ովքեր այժմ ղեկավար պաշտոն են զբաղեցնում, ցանկանում են ազատվել ինձանից, սակայն չստացվեց»,-ասում է Գրիգորիուն։ Խոսելով երկրից հեռանալու կամ բնակավայրը փոխելու մասին, եթե իրավիճակը շարունակվի, օմբուդսմենը հայտարարել է, որ մտածում է այդ մասին. «Անտանելի պայմաններ են ստեղծվում։ Գնալով ավելի շատ եմ արձակուրդում լինում, ուստի առայժմ հստակ ասել չեմ կարող։ Տեսնենք, թե հետագայում ինչ կլինի»։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը արդեն առաջարկել է Գրիգորիուին քաղաքական ապաստան տրամադրել Ադրբեջանում։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, մոլդովացի խորհրդարանական իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն Երեւանում ընթացող միջազգային կոնֆերանսում հայտնել էր, որ «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»: Այս հայտարարությունն առաջացրել էր բացասական արձագանք ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոլդովայում, որտեղ  քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ դատապարտել էին այդ ելույթը՝ այն գնահատելով որպես սադրիչ, ուղղված իրադրությունը սրելուն: Մոլդովայի հայ համայնքը հայտնել էր խորհրդարանից պաշտոնապես Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը պահանջելու մտադրության մասին: