Կանադայում ոստիկանությունը հրահանգել է սատկացնել 4-մետրանոց աֆրիկյան վիշապօձին (պիթոն), որը Քեմփբելթոնում (Նյու Բրունսուիք նահանգ) խեղդել էր երկու երեխաների: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության սերժանտ Ալեն Թրեմբլեյը: Ինչպես հաղորդում է The Toronto Star թերթը, 45-կիլոգրամանոց օձն ուղարկվել է լաբորատորիա՝ ուսումնասիրությունների համար:
Եղբայրներ 4-ամյա Նոյի եւ 6-ամյա Քոնորի մահվան գործով հետաքննությունը շարունակվում է: Քննության տվյալներով՝ տղաները կիրակի հյուր են եկել իրենց ընկերոջը՝ կենդանաբանական խանութի սեփականատիրոջ որդուն: Խանութը գտնվում է երկհարկանի շենքի առաջին հարկում:
Երեխաներին քնեցրել են երկրորդ հարկում, իսկ վիշապօձը գիշերը կարողացել է դուրս պրծնել ապակե ակվարիումից, բարձրանալ երկրորդ հարկ եւ խեղդել քնած երեխաներին: Նրանց մարմիններն առավոտյան հայտնաբերել է խանութի սեփականատեր Ժան-Կլոդ Սավուան, որը բռնել է պիթոնին ու ոստիկանություն կանչել:
Կենդանաբանական խանութից փախած վիշապօձը խեղդել է երկու երեխաների
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, 2009-ին օրենքով թույլատրվել է կենդանաբանական խանութներում մինչեւ 3 մետր երկարության օձեր վաճառել: Նահանգի իշխանությունները հայտարարում են, որ Սավուան իրավունք չուներ 4-մետրանոց վիշապօձ պահել ոչ խանութում, ոչ տանը:































