Էդվարդ Սնոուդենի հետ կապված պատմությանը ավելի շատ նշանակություն է տրվում, քան դրանում իրական բովանդակություն կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի սառեցման հավանականությանը՝ կապված Սնոուդենի գործոնի հետ, քաղաքագետը ասաց, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեք էլ ջերմ չեն եղել, առնվազն Երկրորդ աշխարհամարտից հետո, հետեւաբար այնտեղ սառեցնելու բան էլ չկա»,-ընդգծեց Խրամչիխինը:
Հիշեցնենք, որ Բարաք Օբամայի խոսքով՝ սեպտեմբերին նախատեսված Օբամա-Պուտին հանդիպումից հրաժարվելու պաշտոնական Վաշինգթոնի որոշումը կապված է ոչ միայն Սնոուդենի գործի, այլեւ մի շարք այլ պատճառների հետ:
Նա նշել է, որ վերջին ամիսներին «մի շարք աճող հակասություններ» են նկատվել երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերում, այդ թվում Սիրիայում իրավիճակի կարգավորման եւ մարդու իրավունքների պահպանման խնդիրներում: Օբամայի խոսքով երկկողմ հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել դեռեւս Դմիտրի Մեդվեդեւի նախագահության ժամանակ, իսկ Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադարձով Ռուսաստանում ուժգնացել է հակաամերիկյան հռետորությունը:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ կոռեկտ չի լինի ասել, որ իր եւ Պուտինի անձնական հարաբերությունները վատ են, հաղորդում է Lenta.ru-ն:




























