Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում (Իջեւանի տարածաշրջան) կրակոցները շարունակվում են, մարդիկ չեն կարողանում իրենց տներից դուրս գալ, այգիներում աշխատել եւ անասուններին դաշտ տանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Նա ասաց, որ եթե բերքը չհավաքեն, ձմռանը չգիտեն, թե ոնց են գոյատեւելու:
Արթուր Մադաթյանի խոսքով՝ վերջին կրակոցներից հետո, երբ զինծառայող վիրավորեցին, գյուղի մեջ էլ չեն կրակել, բայց սահմանի վրա կրակում են: «Ստացվում է, որ անասուններին դուրս չենք հանում, դաշտում չենք աշխատում չեն կրակում, բայց երբ հանենք կկրակեն, նորից կտանք վիրավոր կամ զոհ: Ես չգիտեմ, թե սրա վերջը ոնց ա լինելու»,- դժգոհեց գյուղապետը:
Գյուղապետը դժգոհեց, որ ոչ լույս ունեն, ոչ գազ, ոչ ջուր, ոչ ճանապարհ, ոչ էլ հող, այնինչ պետք է սահմանամերձ գյուղում ամեն ինչ էլ լինի: «Լույսը նոր են քաշում: Մի գյուղ, որ խմելու ջուր չունենա ու անասունի ջուր խմի, նրանից ես ինչ պահանջեմ»,- հարց տվեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագծին` Բերքաբերի ուղղությամբ, հակառակորդի կողմից արձակված գնդակից հայկական կողմից վիրավորվել է 34-ամյա զինծառայող Արմեն Մակարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, Մակարյանը Վանաձորից է եւ պայմանագրային զինծառայող է: Վիրավորված զինծառայողին տեղափոխել էին Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Բերքաբերի գյուղացիներն էլ հայտնել էին, որ վերջին օրերին, երեկոյան ժամերին իրենց մոտ ինտենսիվ կրակոցներ են սկսում:





























