Մաքսային միությունը խոչընդոտ է ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը commonspace.eu-ին տված հարցազրույցում:

Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի վրա, իսկ անցած ամիս ավարտել է բանակցությունները Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ համաձայնագրի (DCFTA) շուրջ: «Այդ համաձայնագրերը նախաստորագրվելու են Վիլնյուսում այս տարվա վերջին»,- ասել է Քոչարյանը: Հարցին, թե նշանակում է արդյոք դա, որ Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ԵՄ հետ հարաբերություններին՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների, Քոչարյանը պատասխանել է, թե Ռուսաստանը ցանկանում է, որ Մաքսային միությանն ավելի շատ երկրների միանան, «նրա համար կարեւոր է, որ Ուկրաինան եւ Հայաստանը, գոնե հայտարարեն, որ ցանկանում են այդ միության մաս կազմեն»։

Սակայն, ըստ փոխնախարարի, խնդիրն այն է, որ Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Նրա խոսքով, դա անդամություն ստանալու քայլ չէ: «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարց դրված չէ, դա նաեւ չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը հակվում է դեպի ԵՄ, դա նշանակում է ընդամենը, որ Հայաստանը ավելին է տեսնում, քան տնտեսական զարգացման մի ոլորտը»,- ասել է փոխնախարարը:

«Ռուսաստանը գտնվում է Հայաստանի անվտանգության ոլորտում, իսկ DCFTA-ն՝ տնտեսական ոլորտում։ Սա չի հակասում մեկը մյուսին։ Անվտանգության առումով Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ ենք։ Սակայն մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ։ ՀԱՊԿ անդամներից միայն Հայաստանն է ՆԱՏՕ- ի կազմում աշխարհի տարբեր մասեր իր խաղաղապահ ուժերն ուղարկել»,- ասել է Շավարշ Քոչարյանը եւ հավելել, թե Հայաստանը երբեք չի ասել, որ ցանկանում է ՆԱՏՕ- ի անդամ դառնալ։