Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած, ժողովրդավարական պետություն է:  Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը commonspace.eu-ին տված հարցազրույցում:

«Ես կոչ եմ անում բոլորին այցելել Արցախ եւ տեսնել իրական իրավիճակը»,- նշել է նա:

Հարցին, արդյոք պե՞տք է Եվրոպան անհանգստանա նոր պատերազմի հեռանկարով, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Իհարկե, որոշակիորեն պետք է անհանգստանան, սակայն կան գործոններ, ինչպիսիք Մինսկի խումբն ու Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունն են, որոնք պատերազմն ավելի քիչ հավանական են դարձնում։ Այդուհանդերձ, համանախագահող երկրները, ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն պետք է դատապարտեն ռազմակոչերն ու ռասիստական հռետորաբանությունը, որոնք տարածում են ատելություն, որովհետեւ եթե նրանք դա չանեն, ապա խաղաղությունը պահպանելու հնարավորությունները կնվազեն»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետությանը, փոխնախարարը նշել է, որ խնդիրը ոչ թե Մինսկի խմբի, այլ Ադրբեջանի դիրքորոշման մեջ է: «Իր գործողություններով նա հակասում է Մադրիդյան սկզբունքներին, որոնք Ադրբեջանը հիմք է ընդունել բանակցությունների համար»,- նշել է Քոչարյանը:

Նա նշել է, որ առաջընթաց հնարավոր չէ՝ առանց կողմերի միջեւ վստահության հաստատման։ «Վստահության կարելի է հասնել ընդունելով Մինսկի գործընթացի համանախագահների բոլոր առաջարկները։ Առաջինը՝ հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Երկրորդ՝ հասարակություններին  նախապատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի»,- ասել է Քոչարյանը։