Մալիի նոր նախագահ է դարձել 68-ամյա Իբրահիմ Բուբաքար Քեյթը, որը երկրի վարչապետն է եղել 1994-2000 թվականներին: Ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն հայտարարվել, սակայն Քեյթի գլխավոր մրցակից Մալիի ֆինանսների նախկին նախարար Սումայլա Սիսեն արդեն ընդունել է իր պարտությունը:

Սիսեի որոշումը՝ չշարունակել քաղաքական պայքարը, թույլ կտա Մալիին ժողովրդավարական ընտրություններում հաղթած նախագահի գլխավորությամբ, 4 մլրդ դոլարի չափով միջազգային օգնություն ստանալ: Քաղաքական կայունությունը ֆինանսական աջակցության համար գլխավոր պայմանն էր: Մալիում քվեարկության երկրորդ փուլը կայացել է օգոստոսի 11-ին,  հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ 2012-ի գարնանը ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, որի արդյունքում տապալվել է նախագահ Ամադու Տումանի Տուրեն: Միաժամանակ քոչվոր տուարեգները գրավել են երկրի հյուսիսային տարածքները եւ հայտարարել անկախ իսլամիստական պետություն ստեղծելու մասին: 2013-ի հունվարին Մալիի իշխանությունները ֆինանսական օգնության խնդրանքով դիմել են Ֆրանսիային: Մալիում ֆրանսիական զորքերի հաջող գործողությունների ավարտից հետո, Մալիի սահմաններին ՄԱԿ-ի 12,6 հազար խաղաղապահներ են տեղակայվել: