Եթե մենք մեր թշնամիներին արդարացնենք՝ մեղքը գցելով մեզ վրա, ոչ մի բանի չենք հասնի: Այս մասին, այսօր` օգոստոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային միացյալ նախաձեռնության ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ քանի դեռ Ռուսաստանն իր ազդեցությունը չի հանել, այնտեղ հայերին շարունակելու են սպանել, իսկ Հայաստանի իշխանությունը լավը չի լինելու:
«Աշխարհում չկա մի երկիր, որը մյուս երկրների հետ հարաբերվելուց չօգտագործի լծակներ: Ռուսաստանն իր ազդեցությունները այլ կերպ է օգտագործում: Գալիս ասում է. «Դու քո բանակի մեջ քո զինվորին մի սպանի, եթե ձեւը չգիտես ես քեզ իմ մոդելը կներկայացնեմ»: Ռուսաստանն իր քաղաքակրթությամբ թուրքից բեթար է դարձել»,- ահազանգեց Շանթ Հարությունյանը:
Ի դեպ, նրա եւ ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի բանավեճը շատ թեժ էր, քանի որ Աղասի Արշակյանն ասում էր, որ պետք չի Ռուսաստանում հայերի սպանությունների եւ միջադեպերի առթիվ մեծ աղմուկ բարձրացնել, ինչին կտրականապես դեմ էր Շանթ Հարությունյանը: Բանավեճն այնքան թեժ էր, որ Շանթ Հարությունյանը դուրս եկավ ծխելու:





























