ԿԽՄԿ պատվիրակների` գերի վերցված հայ զինծառայողներին այցելության ձգձգումը, Ժնեւյան կոնվենցիաների խախտում է: Այս մասին հայտարարել է հայաստանյան հանձնաժողովի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը` NEWS.am-ին մեկնաբանելով գերի վերցված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված իրավիճակը:
Կապրիելյանը նշել է, որ զարմացնում է այն փաստը, որ ադրբեջանական կողմն այդպես էլ չսովորեց` ինչպես ապատեղեկատվություն տարածել, ներկայացնել իրենց հատուկ ծառայությունների աշխատանքը: Ափսոսանք է առաջացնում այն, որ նրանք փորձում են պրիմիտիվ կերպով քարոզել իրենց հասարակությանը, որ գերակա դիրք են զբաղեցնում: Միեւնույն ժամանակ այդ քայլերով նրանք արդեն չեն զարմացնում իրենց հարեւաններին:
Նա նշել է, որ խորը անհանգստություն է առաջացնում այն, որ հայկական կողմը պաշտոնական հաստատում չի ստացել, որ հայ գերուն այցելել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, ինչը Ժնեւյան կոնվենցիաների խախտում է: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ անթույլատրելի է ռազմագերիների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական ներազդումը: Պետք է պահպանել միջազգային հումանիտար իրավունքի բոլոր դրույթների ու նորմերի վերաբերյալ պահանջները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:





























