Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ երկու երկրների իրավապահ կառույցների գործընկերությունն անհրաժեշտ է առավել ակտիվ աշխատանքով խորացնել եւ ընդլայնել համագործակցությունը:
Էրիկաս Պետրիկասը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ փոխգործակցությունն ավանդական է ոչ միայն Լիտվայի ու Հայաստանի իրավապահների, այլեւ երկու ժողովուրդների համար, ինչը հետագա համագործակցության ընդլայնման երաշխիքներից է:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլը եւ համակարգի նորացման գործընթացում կարեւորելով այլ երկրների, մասնավորապես՝ Լիտվայի իրավապահների աջակցությունը, ընդգծել փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների, միմյանց ձեռքբերումները փոխադարձաբար ճանաչելու եւ կիրառելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




























