Գարեգին Բ-ին հասցեագրված Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքի անձնական նամակի բովանդակությունը չպետք է հասանելի լիներ լրատվամիջոցներին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 15-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական համաշխարհային կոնգրեսի երիտասարդ կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ խնդիրներ կան ամենուրեք, սակայն Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված ցանկացած հարձակում անընդունելի է: «Մենք ոչ ոքի չենք մեղադրում, ընդամենը եկեղեցու եւ ազգի ճակատագրով մտահոգվողներին կոչ ենք անում հնարավորինս զգույշ լինել եւ քայլեր չձեռնարկել, որոնք սպառնում են եկեղեցու անվտանգությանը»,-ընդգծել է Մարիամ Մարտիրոսյանը, հավելելով, որ այս դեպքում խոսքը եկեղեցու առանձին սպասավորների մասին չէ, այլ՝ միասնական հոգեւոր կառույցի:
Կոչին միացել են մի շարք հասարակական կազմակերպություններ՝ «Մենք», «Երիտասարդներ՝ հանուն ապագայի», «Երիտասարդություն» եւ այլն:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի թեմի առաջնորդ Նուրհան Սրբազանը Գարեգին Երկրորդին ուղղված քննադատական նամակով է հանդես եկել: Նամակում նա իր անհամաձայնությունն է արտահայտել նրա վարած քաղաքականությանը, մասնավորապես, Ֆրանսիական թեմի առաջնորդին իր պաշտոնից հեռացնելու հետ:




























