Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանն, այսօր՝ օգոստոսի 15-ին, հերթական անգամ հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից:

Տիկին Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը:

Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դ. Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հայտնել է, որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը փոխել է իր մտադրությունը եւ ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջեւ նաեւ շուտափույթ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջեւին:  Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ի կողմից ի գիտություն է ընդունվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ ցուցադրեց իր լիակատար արհամարհանքը Միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ: Հերթական անգամ գերեվարված անձի մոտ ժամանակին թույլ չեն տվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, փոխարենը հարվածային տեմպերով «հարցազրույց» են կազմակերպել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել է, երբ գնացել էր ջուր բերելու: Գյուղապետը նշել էր, թե ինքն ու գյուղացիները երկար ժամանակ չէին համարձակվում Հակոբի ծնողներին պատմել կատարվածի մասին: Ավելի ուշ տղայի տուն էին գնացել ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ հայտնել: Ինչից հետո հայրը գնացել է նախարարություն: Դիմել են նաեւ «Կարմիր Խաչին»: «Ծնողների վիճակը շատ վատ է: Հատկապես մոր վիճակը: Ամբողջ գյուղը հավաքվում, գնում-գալիս են: Մինչեւ տեսնենք ինչ է լինում»,- ներկայացրել էր գյուղապետը:

Նշենք, որ ԼՂՀ ՊՆ-ն դեպքից հետո հայտնել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: