Դեդ Հասանի սպանությունից հետո կրիմինալ աշխարհում տեղի ունեցող զարգացումները անպայման կազդեն Հայաստանի վրա: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց գրող Սերգեյ Գալոյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում մշտական մնացող «օրենքով գողեր» չկան` գալիս-գնում են: «Մեր մոտ, փառք Աստծո, վերջին մեկ տարում աղմուկ հանած սպանություններ, հանցագործություններ չեն եղել»,- ասաց գրողը: Նա առաջարկեց գողական աշխարհին վերաբերվել լրջորեն: «Ամեն մի 3-րդմասցի Մջո, սիսյանցի Բժո գալիս ասում է՝ ես գող եմ, որովհետեւ բանտում նստել եմ: Հայաստանում վերջին մարդը, որ «օրենքով գող» էր, Խոյեցյանն էր՝ Խոյ մականունով: Հայաստանում հիմնական ապրող «օրենքով գող» այսօր չկա»,- ընդգծեց Սերգեյ Գալոյանը:
Գրողը կարծում է, որ դա մի կողմից լավ է, մի կողմից՝ վատ: «Այսօր մեզ մոտ սարսափելի քրեածին իրավիճակ չկա: Մանր գողություններ են, որ բոլոր երկրներում էլ լինում է: Բայց վատ է նրանով, որ դաշտը կդառնա անվերահսկելի, քնկոտ: Իսկ այդ ժամանակ դուրս կգան սարսափելի դաժան մարդիկ, որոնք իրենց բնավորությամբ ավանտյուրիստ են»,- ավելացրեց Սերգեյ Գալոյանը: Նա ցուցակ է կազմել, ըստ որի՝ այսօր 45 հայ «օրենքով գող» կա, որոնց մի մասը ազատության մեջ է, մյուսը ազատազրկված: «Նրանց հիմնական մասը դրսում է` գնում-գալիս են: Հայաստանում իրավիճակը վերահսկելի է, որովհետեւ տանելու բան չկա: Ամբողջ այս պատերազմը, որ գնում էր Դեդ Հասանի եւ Տարոյի միջեւ գնում էր նրա համար, որ 42 միլիարդ դրված էր Սոչի խաղերին, գումարած Պուտինը գնաց 37 միլիարդ եվրո ավելացրեց: Սա մի հատվածն է, բայց այնտեղ շուկաներ կան եւ այլն, եւ այլն: Տեսեք՝ ինչ գումարների մասին է խոսքը: Հայաստանում 37 դեղձի կորիզ էլ չկա»,- ասաց Սերգեյ Գալոյանը եւ ավելացրեց, որ բոլոր երկրներում էլ, այդ թվում Հայաստանում պաշտոնյաները ինչ-որ կերպ առնչություն ունեն կրիմինալի հետ:





























