Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում 23-ամյա Գ.Հ.-ի` ջրանցքն ընկնելու, այնուհետեւ 7 ժամ անց հայտնաբերվելու դեպքի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Չարենացավանի բաժնից: Նրանց փոխանցմամբ` դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածը` 23-ամյա Գ.Հ.-ն ամուսնացած է, ունի երկու անչափահաս դուստր: Նա Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանից է, ունի մեկ եղբայր:Տարածքի բնակիչները մեզ հետ զրույցում պատմել են,որ դեպքի նախօրեին ամուսնու եւ կնոջ միջեւ վիճաբանություն է եղել, մասնավորապես` ամուսինը կնոջ վրա բարկացել է հեռախոսով շատ խոսելու համար, ձեռքից վերցրել է հեռախոսը: Դրանից հետո կինը երեխաներին տարել է մանկապարտեզ, այնուհետեւ գնացել է վերջ տալու կյանքին: Մինչ այդ նա զանգահարել է ազգականին եւ ասել, թե «ես իմ կյանքին վերջ եմ տալիս, երեխաներիս լավ կնայեք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 21-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, թե անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երկար ժամանակ նրան որոնում էին, սակայն չէին գտնում, քանի որ ջուրը վարար էր, տեսանելիությունը` վատ: Ժամը 18.00-ի սահմաններում կնոջ դիակը գտել են Արա գյուղի մոտ` խողովակում:




























