Հայաստանում քաղաքական տեսանկյունից աշունն ակտիվ կլինի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ հասարակական կարծիքի նկատմամբ իշխանության եւ ՀՀԿ-ի վերաբերմունքը համարժեք կլինեն:
Ըստ նրա` վերջերս աշխուժացել է հասարակական կարծիքը, եւ բնականաբար, իշխանությունները նույնպես պարտավոր են համարժեք վերաբերմունք դրսեւորել հասարակական ակտիվ ընկալումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում ուղղեն սխալները եւ այլն:
Ինչ վերաբերում է Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, նա ընդգծել է, որ եթե դժգոհություն կա, ապա պետք է հասկանալ այդ դժգոհության պատճառները: «Եթե կառուցվող շինությունը չի համապատասխանում սանիտարական եւ քաղաքաշինական պայմաններին, ապա անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք դրսեւորել , իսկ եթե խոսքը միայն մեր քաղաքացիների զգայական ընկալման մասին է, ապա այդ դեպքում պետք է մարդկանց ապացուցել, որ այստեղ ոչ մեկի իրավունքը չի խախտվում», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ոստիկանները պետք է հարգանքով վերաբերվեն քաղաքացուն ,եւ դա պետք է փոխադարձ լինի:
Ի պատասխան երկրում ընդդիմության պասիվության մասին հարցին, Մինասյանը նշել է, որ երկրի ներսում ընդդիմադիր դաշտ գոյություն ունի: «Հնարավոր է` քաղաքական ուժերը միասնական չեն գործում, սակայն դա չի նշանակում, որ նրանք գոյություն չունեն», - եզրակացրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Կոմիտասի պողոտա 5 հասցեում կառուցվում է 10-հարկանի շենք: Շրջակայքի բնակիչները դեմ են դրան: Նրանք պնդում են, որ բազմահարկ շենքի կառուցման դեպքում այն ամբողջովին կփակի այլ շենքերի վրա ընկնող լույսը, կխանգարի շենքերին մոտենալուն:
Շենքի շինարարությունն սկսվել էր մի քանի տարի առաջ: Սակայն բնակիչների բողոքների պատճառով շինարարությունը դադարեցվել էր: Վերջին երկու շաբաթում շինարարությունը վերսկսվել էր: Բնակիչները մտադիր են շարունակել բողոքը:





























