«Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը եւ բոլոր նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ քրեական դատարավարության օրենսգքրի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` գործն ուղարկվել է ՀՔԾ: Սոնա Տռուզյանը փոխանցեց նաեւ, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանության հրամանատար Վահան Վրթանեսյանը  զեկուցագիր է ներկայացրել, որով հայտնել է, որ Արգիշտի Կիվիրյանն իրեն հայհոյել, կծել եւ հարվածել է մեքենայի մեջ: Այս դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 316-րդ կետի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Իսկ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չեն ստացել այս գործը:

Հիշեցնենք, որ ոստիկանները հաղորդում են ընդունել «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանից՝ նախօրեին ոստիկանական մեքենայում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Կիվիրյանի խոսքով, ինքը պատրաստ է յուրաքանչյուրի դեմքը ճանաչել, ով իրեն ծեծի է ենթարկել:

Բժիշկները Արգիշտի Կիվիրյանին խորհուրդ էին տալիս մնալ հիվանդանոցում: Սակայն ծեծի հետեւանքով գլխուղեղի ցնցում ստացած Ա.Կիվիրյանը հայտնել էր բժիշկներին, որ իրեն ավելի հանգիստ կզգա տանը եւ  ուշ գիշերին հիվանդանոցից տուն էր գնացել:

Նշենք նաեւ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում օգտատեր Վիգեն Նազարյանը գրել էր. «Եթե կարիք լինի ես ականատես եմ եղել բերման ենթարկելու պահին, մեքենայի մեջ ոնց էին մահակներով Արգիշտիի գլխին հարվածում երկու ոստիկան, երբ նրա մեջքին նստած էր մի այլ ոստիկան: Սա էլ թող ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում»: Լրատվամիջոցներում կան նաեւ բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես են բերման ենթարկում Արգիշտի Կիվիրյանին: