Դոլարի բորսայական փոխարժեքը վերջին օրերին իջել է մինչեւ 406 դրամ: Սա այս տարվա ընթացքում դոլարի ամենացածր արժեքներից մեկն է: Կարծիքներ կան, որ դոլարն արհեստականորեն է արժեզրկվում` ներմուծվող ապրանքների գների աճը կանխելու նպատակով: Էներգակիրների թանկացումից հետո սա կարծես թե տրամաբանական է, սակայն կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրական տվյալները դա չեն հաստատում:

ԿԲ-ն իր տրամադրության տակ երեք մեթոդ ունի փոխարժեքի վրա ազդելու: Առաջին, ուղղակիորեն շուկայում արտարժույթ գնելով կամ վաճառելով: Մարտից հետո ԿԲ-ն շուկայում դոլար չի վաճառել, ընդհակառակը` իրականացրել է միայն  գնումներ: Օրինակ` անցյալ շաբաթ գնել են մոտ 14 մլն դոլար, այլապես դրամն ավելի կթանկանար: Այսպիսով` ուղղակի ուժեղ ազդեցություն փոխարժեքի վրա չկա:

Երկրորդ մեթոդն այն է, որ կարող են շրջանառությունում նվազեցնել դրամի քանակությունը` արհեստականորեն դրամի նկատմամբ դեֆիցիտ ստեղծելով: Սակայն, ըստ ԿԲ վիճակագրության, օգոստոսին դրամի քանակությունը շրջանառությունում ավելի շատ է, քան ասենք, հունիսին կամ հուլիսին: Փողի բազան արդեն գերազանցում է 700 մլրդ դրամը, ինչը ռեկորդային բարձր մակարդակ է, իսկ կանխիկ դրամի ծավալը օգոստոսին կայուն գերազանցում է 410 մլրդ դրամը, ինչը զիջում է միայն դեկտեմբերի մակարդակին: Օգոստոսին օրեր են եղել, երբ ԿԲ-ից դուրս կանխիկի ծավալը գերազանցել է 425 մլրդ դրամը, ինչի պարագայում դրամի դեֆիցիտի մասին խոսելն ավելորդ է:

Երրորդ մեթոդը սպասումների վրա ազդեցությունն է: Սակայն հայտնի է, որ ԿԲ-ն սպասումները կառավարելու բավարար հեղինակություն չունի, թեեւ կարճաժամկետ ուղղորդումներ հնարավոր են: Վստահաբար կարելի է ասել, որ փոխարժեքի հետ կապված սպասումները ձեւավորվում են ԿԲ-ից անկախ ազդակներից, ու ըստ երեւույթին` ունեն տարերային բնույթ:

Հարց է առաջանում` այդ դեպքում ինչու է՞ էժանացել դոլարն ու որքա՞ն կտեւի էժան դոլարի ժամանակաշրջանը: Առավել հավանական է, որ դոլարի էժանացումը պայմանավորված է զուտ սեզոնային գործոնով: Դրամի նկատմամբ հավելյալ պահանջարկ է ձեւավորվել գյուղմթերքների իրացման եւ հանգստի կազմակերպման հետ կապված: Առաջիկայում դրան կավելանա սեպտեմբերի 1-ի նախապատրաստական շրջանը: Եթե այս տեսությունը ճիշտ է, ապա սեպտեմբերի ընթացքում դոլարն աստիճանաբար, գուցե նաեւ կտրուկ կսկսի վերականգնել կորցրած դիրքերը: Սա, իհարկե, չի նշանակում, որ դրամն ուժեղացնող այլ գործոններ ի հայտ չեն կարող գալ, թեեւ փորձը ցույց է տալիս, որ դրանք կունենան կարճաժամկետ բնույթ:

Սամվել Ավագյան