Հայաստանը Ռուսաստանի համար լուրջ գործոն չէ: Այսօր՝ օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին:
Ըստ նրա՝ Ադրբեջանին զենք վաճառելով Ռուսաստանն առաջին հերթին խախտել է միջազգային պայմանագրերը, որոնք արգելում են կոնֆլիկտային գոտիներում զանգվածային ոչնչացման զենքի վաճառքը: «Երկրորդ, Ռուսաստանը խախտել է նաեւ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, որը ստորագրել էին ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը: Կա նաեւ երրորդ հանգամանքը, որը վերաբերում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին եւ միջազգային գործընկերությանը», - նշել է Հովհաննես Իգիթյանը՝ ընդգծելով, որ սա ոչ միայն տնտեսական հարց է, այլեւ հիմնականում տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության հարց:
Ըստ ՀՀՇ-ականի՝ քաղաքական տեսանկյունից Հայաստանն ընտրություն պետք է կատարի Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի եւ Մաքսային միության միջեւ, այսինքն՝ «կամ-կամ»:
«Եթե հարցը դիտարկենք տնտեսական տեսանկյունից, ապա պետք է համապատասխան տնտեսական վերլուծություն կատարենք եւ դրա միջոցով փորձենք լուծել խնդիրը», - հայտարարել է Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ տնտեսական շահի դեպքում կարող են ներվել եւ քաղաքական, եւ ռազմական հարցերը: Նա ընդգծել է, որ կողմնակից է Մաքսային միությանն առավել սերտ ինտեգրվելուն:
Հիշեցնենք, այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք ԵՄ «Արեւելյան գործընկերության» համաժողովում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի շրջանակում նախատեսվում է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախաստորագրումը:




























