Բենգազիի գրոհայիններն ազատ են արձակել Etel նավի ուկրաինացի 19 նավաստիներին, որոնք հուլիսի 17-ին գերության մեջ էին հայտնվել:  Սակայն ուկրաինական անձնակազմի անդամները հրաժարվում են հայրենիք վերադառնալ՝ գործատուից աշխատավարձ պահանջելով:

«Վաղ առավոտյան նավում ահազանգ է հնչել, ամբողջ անձնակազմին հավաքել են կամրջակի վրա եւ հայտնել, որ ազատ ենք: Արաբները թաքցրել էին զենքերը, սկսել հավաքել իրենց քնապարկերը, ամեն ինչ բեռնել միկրոավտոբուսների մեջ եւ հեռացել: Մեզ վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում», - «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ուկրաինական խմբագրությանը հայտնել է նավաստի Ալեքսանդրը: 

Ըստ նրա՝ ԱԳՆ-ն առաջարկել է նավաստիներին հայրենիք ուղարկել առաջիկա չվերթով, սակայն նավապետն ասել է, որ Etel-ն արդեն նոր անձնակազմ է հավաքագրել, իսկ  իրենց ոչ ոք չի պատրաստվում փող վճարել: 

Հաղորդվել էր ,որ 2013թ. հուլիսի 17-ին Սենտ Կիթսի եւ Նեւիսի դրոշի տակ լողացող Etel նավը, որի անձնակազմը բաղկացած էր 19 ուկրաինացիներից, Լիբիայի Բենգազի նավահանգստում գերեվարվել էր  զինված անհայտ անձանց կողմից: Նավը գրավողները հայտնել էին, որ «իրենք պաշտպանում են լիբիացի 25 գործարարների շահեր, որոնց թալանել է Etel-ի սեփականատերը»: Նավը  Հորդանանից Բենգազի պետք է տեղափոխեր  9,5 միլիոն դոլար արժողությամբ 650 մեքենա, սակայն,  ըստ գործարարների, մեքենաները բեռնաթափվել էին ուկրաինական նավահանգստում եւ  մինչեւ վերջնակետ չէին հասցվել:  Օգոստոսի 28-ին Լիբիային է մոտեցել  «Աի Ամազոն» նավը՝ Լիբիայի համար մեքենաների բեռով, ներկայումս նավահանգստում բեռնաթափում են այն: