Կրոնական գործիչ Սթիվեն Տարին, ով հայտնի է որպես «Սեւ Հիսուս», սպանվել է Պապուա-Նոր Գվինեայում: Տարին հայտնի է որպես բռնաբարող եւ մարդասպան, որը ժամանակին փախել էր բանտից:
Ոստիկանության տվյալներով՝ Տարիին սպանել են Մանդաղ քաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող գյուղի բնակիչները: Դրանից մեկ շաբաթ առաջ «Հիսուսը» եւ իր կողմնակիցը հարձակվել էին երկու կանանց վրա, որոնցից մեկը զոհվել էր:
Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, Տարին սովորել է լյութերանական հոգեւորական դառնալու համար, սակայն կիսատ է թողել ուսումը: Նա քրիստոնեական ուսմունքի հիման վրա աղանդ է հիմնադրել՝ ինքն իրեն Փրկիչ որակելով: 2007-ին նրան գյուղերից մեկի բնակիչները հանձնել էին ոստիկանությանը՝ հայտարարելով, որ նա բռնաբարել, զոհաբերել եւ կերել է մի քանի աղջիկների: Ոստիկանությունը կարողացել էր ապացուցել միայն բռնաբարության փաստը: Նա դատապարտվել էր 10 տարի ազատազրկման, սակայն այս տարվա մարտին կարողացել էր փախուստի դիմել:





























