ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն իսկապես հետեւել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին, որն այդ պատճառով չեղյալ է հայտարարել իր այցելությունն ԱՄՆ եւ խոստացել Ռուսեֆին պարզաբանել, թե ինչու են այդպես վարվել:

Դա տեղի է ունեցել երկկողմ հանդիպման ընթացքում, որը կայացել է Պետերբուրգում G20-ի գագաթաժողովի շրջանակներում:

Բրազիլիայի նախագահին պաշտոնական բացատրություններ կներկայացվեն սեպտեմբերի 11-ին, հաղորդում է Dni.ru-ն:

Նախօրեին Ռուսեֆը չեղյալ է հայտարարել ԱՄՆ իր այցը՝ լրտեսական սկանդալի պատճառով: Բացի այդ, Բրազիլիան նաեւ պատրաստ է չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ նախատեսված առեւտրային գործարքները, այդ թվում ամերիկյան Boing ընկերությունից 4 մլրդ դոլարի F-18 «Սուպեր Հորնեթ» օդանավերի գնման մասին համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի լրագրող Գլեն Գրինուոլդը, ով աշխատում է Ռիո դե-Ժանեյրոյում, հայտարարել է, որ Սնոուդենն իրեն փաստաթղթեր է փոխանցել, որոնք ապացուցում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Բրազիլիայի նախագահին լրտեսելու փաստը: