Աբխազիայի իշխանություններին զարմացրել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն այն մասին, թե Աբխազիան համաձայնություն է տվել նախկին Անդրկովկասյան երկաթուղով միջանցիկ երկաթուղային հաղորդակցության մեկնարկին: Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Բժանիան:
Այսօր ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Վրաստանն ու աբխազիան համաձայն են երկաթուղու աբխազական հատվածի բացմանը: Աբխազիայի ղեկավարությունը Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունը համարել է գոյություն չունեցող իրականություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Աբխազիայի տարածքով միջանցիկ երկաթուղու բացման թեման վաղուց չի բարձրացվել ո՛չ ռուս-աբխազական երկխոսության եւ ո՛չ էլ այլ որեւէ ձեւաչափում»,- ընդգծել է նա: Քրիստիան Բժանիան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գոյություն չունի «երկաթուղու աբխազական հատված», կա Աբխազական երկաթուղի:
Աբխազիայի նախագահի վարչակազմում ճշտել են, որ երկաթուղու հարցը չի քննարկվել Աբխազիայի ու Ռուսաստանի նախագահների ո՛չ Սոչիի, ո՛չ էլ Պիցունդայի հանդիպումների ժամանակ:





























