Ավելի քան մեկ շաբաթ Հալեպում ինտերնետ ու հեռախոսային կապ չկա, որի հետեւանքով չի հաջողվում կապ հաստատել հայկական համայնքի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Քանդահարյանը նշել է, որ մեկ շաբաթ առաջ ստացված տեղեկության համաձայն Հալեպում զգալիորեն թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքներն ու տնտեսական ապրաքները. «Մեր ունեցած տվյալների համաձայն, քաղաքն ամբողջության հայտնվել է շրջափակման մեջ. փակ են բոլոր ճանապարհները»:
Ինչ վերաբերում է Դամասկոսին, ապա Քանդահարյանի խոսքով, հայ համայնքի հետ կապն ամեն օր է կայանում, Սիրիայի մայրաքաղաքում իրավիճակը համեմատաբար խաղաղ է, թեեւ արվարձաններում դեռ շարունակվում են մարտերը. «Դամասկոսից հայերի հոսք այլեւս չի նկատվում»:
Նշենք, որ Սիրիայում ընդհանուր առմամբ, նախքան արյունահեղությունների սկսվելը, ապրում էր 60-70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էին Հալեպում, իսկ մյուս կեսը`Լաթակիայում, Հոմսում, Քամիշլիում, Հասակայում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում եւ, իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում:





























