Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԱՊՀ-ի եւ ԵՄ-ի երկրների հետ գրեթե նույնն է եղել, միլիարդ  ԱՄՆ դոլարով կլորացնելու դեպքում՝ անգամ գրեթե հավասար է եղել` 1,7-ական միլիարդ դոլար, տարբերությունը միայն 13 միլիոն դոլար է կազմել: 

Սակայն արտահանման եւ ներկրման ծավալները տարբերվել են,  ընդ որում՝ բավական զգալի: Անցյալ տարի արտաքին առեւտրի գծով ԵՄ-ի հետ Հայաստանի բացասական սալդոն կազմել է 564,7 միլիոն դոլար, իսկ ԱՊՀ-ի հետ՝ երկու անգամ ավելի` 1001,2 միլիոն դոլար:

Նշենք, որ Ռուսաստանից ներմուծված ապրանքների ծավալի կեսից ավելին զբաղեցնում է բնական գազը: Որպես Հայաստանի առեւտրային գործընկեր` Ռուսաստանը  անվիճելի առաջատար է ԱՊՀ երկրների շարքում: Օրինակ` անցյալ տարի մեր հյուսիսային հարեւանի ընդհանուր համամասնությունը ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության նկատմամբ գերազանցել է 80%-ը:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալի աշխուժացման վրա ազդում են նաեւ սակագները:  Եթե հիմք վերցնենք 2007թ. դեկտեմբերը, ապա անցյալ տարվա դեկտեմբերին գները հետեւյալ փոփոխությունն են կրել: ԱՊՀ երկրներում գները բարձրացել են. ներմուծումը` 19,2%-ով, արտահանումը` 9,5%-ով: ԵՄ-ի երկրների դեպքում ներմուծման միջին գները բարձրացել էին 21,9%-ով, իսկ արտահանման դեպքում նվազել էին 19,2%-ով: