Մենք միշտ շատ ու շատ ուշադիր ենք եղել, որպեսզի մեր քաղաքական Ասոցացման առաջարկը, ինչպես նաեւ մեր տնտեսական եւ առեւտրային կապերի խորացման առաջարկը ավելի լայն հնարավորություններ ընձեռի այդ տարածքների մարդկանց համար, եւ ստեղծի հակամարտության լուծմանը առավել նպաստող միջավայր: Այս մասին Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պարագայում Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ մաքսակետեր տեղադրելու հնարավորությանը:

Դիտարկմանը, թե որոշ հայ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրում որոշակի դրույթներ կան, որոնցով նախատեսվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետեր տեղադրել, Ֆյուլեն արձագանքել է. «Նախ՝ ցանկացած մարդ, ով ցանկանում է համաձայնագրի բովանդակության մասին դատողություններ անել, պետք է բերի ու ցույց տա այդ տեքստը: Սա մեկ: Եվ երկրորդ՝ մենք միշտ շատ ու շատ ուշադիր ենք եղել, որպեսզի մեր քաղաքական Ասոցացման առաջարկը, ինչպես նաեւ մեր տնտեսական եւ առեւտրային կապերի խորացման առաջարկը ավելի լայն հնարավորություններ ընձեռի այդ տարածքների մարդկանց համար, եւ ստեղծի հակամարտության լուծմանը առավել նպաստող միջավայր: Մենք միշտ ջանացել ենք, որպեսզի թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն որեւէ նոր արհեստական խոչընդոտներ չստեղծենք հակամարտության լուծման համար, անկախ այն բանից, մենք խոսում ենք Հայաստանի, Վրաստանի, թե Մոլդովայի մասին: Դա միշտ շատ կարեւոր նախապայման է հանդիսացել այս Ասոցացման համաձայնագրի տեքստի ստեղծման հարցում»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե նախքան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելը եվրոպական կողմը պետք է համոզեր Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ Թուրքիան նույնպես Եվրամիության հետ որոշակի համագործակցության համաձայնագիր ունի, Ֆյուլեն նշել է. «Նախ թույլ տվեք ասել, որ մենք ի սկզբանե աջակցել ենք սահմանի բացման ուղղությամբ հայաստանյան խիզախ նախաձեռնությունները: Եվ մեր այդ աջակցությունը այժմ էլ առկա է, մենք որեւէ հնարավորություն բաց չենք թողնում մեր թուրք գործընկերներին կոչ անելու՝ Երեւանի հետ միասին աշխատել հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Բացի այդ, այստեղ կատարած իմ նախորդ այցի ժամանակ՝ հուլիսին, մենք բավական ժամանակ ծախսեցինք քննարկելով Ասոցացման համաձայնագրի տարածաշրջանային հետեւանքները քննարկելու վրա: Մենք՝ Եվրամիությունը, Թուրքիայի հետ մաքսային միություն ունի: Եվ երբ Եվրամիությունը բանակցություններ է վարում ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ, այս մաքսային միության գոյությունը ենթադրում է, որ Թուրքիան նույնպես պետք է տվյալ գործընկերոջ հետ նույնանման համաձայնագիր կնքի: Եվ մենք իրականում քննարկել ենք, թե ինչպես կարելի է օգտագործել այս Ասոցացման համաձայնագիրը եւ բացել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության այդ դուռը: Բայց այժմ մենք հավանաբար այդպես էլ չենք իմանա, դա արդյունք կտա՞ր, թե ոչ»:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք «Ազատություն» ռ/կ-ի կայքում