ԱՄՆ-ից եկած 55-ամյա Գ.-ն, գալով Հայաստան, ամուսնացել է 44-ամյա չամուսնացած կնոջ հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը: Կենտրոնի տնօրենը պատմեց, որ 44-ամյա Ն.-ն մասնագիտությամբ ջութակահար է եղել եւ տարված լինելով աշխատանքով, մասնագիտությամբ ու շրջագայություններով, չի ամուսնացել, իսկ երբ արդեն կայացել է եւ ցանկացել ընտրություն կատարել, իրեն համապատասխան անձնավորության չի կարողացել գտնել:
Իսկ ամերիկահայ Գ.-ն նահանգներում գործարարությամբ է զբաղվել: Նա ամուսնացած է եղել, սակայն տարիների ընթացքում արդեն նախկին ամուսինները իրար համար անհետաքրքիր են դարձել ու որոշել են ամուսնալուծվել: «Ասում էր, որ իրավիճակը հասել էր նրան, որ կինը «բոյֆրենդ» է ունեցել, իսկ ինքը տուն գնալու ցանկություն չի ունեցել եւ որոշել են ամուսնալուծվել»,- պատմեց Նարե Մարտոյանը: Ամերիկահային հաջողվել է գրավել Ն-ի սիրտը եւ առաջարկել մեկնել ԱՄՆ, սակայն կինը հրաժարվել է: «Կինն ասաց, որ ինքը չի գնա, սակայն տղամարդը նրան այնքան է հավանել, որ ինքը մնաց եւ այստեղից է տնօրինում այնտեղի գործերը: Հիմա 3-րդ մասում տուն են գնել եւ այստեղ են ապրում»,- ավելացրեց կենտրոնի տնօրենը:




























