Եգիպտոսից Մոսկվա ուղեւորվող Տու-204 ինքնաթիռը «Դոմոդեդովո» օդանավակայանին մոտենալիս կորցրել է բարձրությունը եւ վթարային վայրէջք կատարել թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա։
Երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 2։35-ին, տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է յոթ մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Ռոսավիացիայի տվյալներով, ինքնաթիռում ութ մարդ է եղել՝ բոլորն էլ անձնակազմի անդամներ։ Ներկայումս ինքնաթիռի սեւ արկղերի որոնողական աշխատանքներ են տարվում։
Մասնագետների կարծիքով, վթարի պատճառը եղանակային վատ պայմաններ են եղել, վայրէջքը կատարվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Ուլյանովսկյան «Ավիասթար» ավիաուղիներին պատկանող Տու-204 ինքնաթիռը նախորդ օրերին նույն օդանավակայանում արդեն իսկ մի անգամ վթարային վայրէջք է կատարել։
Գործակալության զրուցակցի խոսքով, թերության բացահայտվելուց հետո էլ ինքնաթիռը շարունակել է ուղեւորներ տեղափոխել Եգիպտոս։



























