Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մեկնաբանել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ սկսված դատական հետապնդումները եւ կատակով ենթադրել, որ նա հանգիստ կարող էր խուսափել պատժից, եթե նույնասեռական լիներ:
«Բեռլուսկոնիին հիմա դատում են այն բանի համար, որ ապրում է կնոջ հետ: Եթե նա նույնասեռական լիներ, նրան ոչ ոք մատով անգամ չէր դիպչի»,-ժպիտով ասել է Պուտինը, ինչը ծիծաղ է առաջացրել ներկաների մոտ:
Բեռլուսկոնիի թեման առաջ է եկել այն ժամանակ, երբ «Վալդայ» ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանում ընդունված անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչությունն արգելելու մասին օրենքը:
Պուտինը քննադատել է մի շարք եվրոպական երկրներում նույնասեռ ամուսնություններն օրինականացնելը, նշելով, որ դրանում հավասարեցվում է « Աստծո նկատմամբ հավատը Սատանայի նկատմամբ հավատի հետ», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես շատ եվրատլանտյան երկրներ փաստացի գնում են իրենց արմատներից, այդ թվում քրիստոնեական արժեքներից հրաժարվելու ճանապարհով, որոնք կազմում են արեւմտյան քաղաքակրթության հիմքը: Նրանք դա փորձում են ագրեսիվ կերպով փաթաթել ողջ աշխարհին»,-ասել է Պուտինը:





























