Ամերիկացիներ Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթները, որոնք մեղավոր են ճանաչվել Ղազախստանից որդեգրած երեխաներին բռնաբարելու մեջ, դատապարտվել են երկարատեւ բանտարկության: Դատարանի որոշմամբ՝ 50-ամյա Ջոզեֆ Մեյոթը դատապարտվել է 16-20 տարվա ազատազրկման, իսկ նրա կինը՝ Լինդան, 18-22 տարվա ազատազրկման, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:

Մասաչուսեթս նահանգի Ուայթինսվիլ փոքրիկ քաղաքում ապրող Մեյոթ ամուսինները 2004-ին Ղազախստանում որդեգրել են քույր ու եղբոր: Տղան այդ ժամանակ 13 տարեկան է եղել, իսկ աղջիկը՝ 8: Դատարանում հնչած վկայությունների համաձայն՝ երբ երեխաները հայտնվել են Մեյոթների ընտանիքում, նրանք ոտնձգությունների են ենթարկվել խորթ ծնողների կողմից:
13-ամյա տղայի հետ սեռական կապի հետեւանքով Լինդան երեխա է ունեցել: Դա ապացուցված է ԴՆԹ անալիզի արդյունքներով:

Մեյոթ ամուսինների դեմ մեղադրանք է առաջադրվել 2009-ին: Այդ ժամանակ նրանց կալանավորել էին, բայց շուտով գրավի դիմաց ազատ էին արձակվել: Երեխաներն այդ ընթացքում անցել են պետության խնմակալության տակ:

Մեյոթ ամուսինների նկատմամբ դատավարությունն սկսվել է այս տարվա հուլիսին: Դատարանում ցուցմունք են տվել նաեւ երեխաները, որոնք ներկայումս 21 եւ 17 տարեկան են:

Ամուսինները դատարանում իրենց մեղքը չեն ընդունել: Լինդա Մեյոթը պնդել է, որ ինքն է սեռական ոտնձգության ենթարկվել խորդ որդու կողմից: