Քուվեյթցի հայտնի մահմեդական քարոզիչ Մուբարաք ալ Բաթհալին ֆեթվա է արձակել, ըստ որի՝ ֆիլմերում կամ սերիալներում դերասանների ամուսնությունները պետք է իրական ճանաչվեն:
Մուբարաք ալ Բաթհալին հավատակիցների համար իր ֆեթվայում գրել էր, որ հարսնացուի դեր տանող ամուսնացած դերասանուհիները ծանր մեղք են գործում: Ընդ որում նրանց իսկական ամուսինները նման դերերին պետք է վերաբերվեն՝ որպես իսկական դավաճանության, հայտնում է NEWSru Israel-ը՝ վկայակոչելով իտալական Аdnkronos.com-ը:
Մինչդեռ արաբական լրատվամիջոցները նշում են, որ ֆեթվան հարուցել է Քուվեյթի շոու բիզնեսի ներկայացուցիչների զայրույթը: Դերասանները եւ սցենարիստները միաձայն ասում են, որ եթե նկարահանման հրապարակում խաղացած հարսանիքն իրական է, ապա բեմի վրա սրով իր թշնամուն խոցող դերասանը պետք է իրական դատարանի առաջ կանգնի:





























