Հին աշխարհում պատերազմները օգնում էին քաղաքակրթությունների զարգացմանը: Նոքսվիլում Թեննեսիի համալսարանի գիտնականները մաթեմատիկական մոդելի օրինակով ապացուցել են դա, ինչը բացատրում է քաղաքակրթությունների զարգացումը երեք հազարամյակ շարունակ՝ մ.թ.ա. 1500-ից մինչեւ մ.թ. 1500 թվական:
Մոդելի ձեւակերպման ժամանակ հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ գյուղատնտեսության զարգացվածության մակարդակ, տեղանքի տեսակ, ռազմական տեխնոլոգիաներ, մշակությային գործոններ եւ այլն: Կառուցված մոդելը բավական հստակ է եղել. այսպես, քաղաքակրթությունների զարգացման քարտեզը ընդհանուր առմամբ համընկել է իրական պատմական տվյալների հետ եւ տարբերվել է միայն մանրուքներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քաղաքակրթությունների զարգացման հիմնական գործոնի որոնման ժամանակ գիտնականները քննարկել են հնարավոր մի քանի տարբերակ եւ եկել են եզրակացության, որ հիմնական առաջ մղող ուժը պատերազմներն են ու ռազմական տեխնոլոգիաների տիրապետումը: Եթե այս վարկածը բացառում էին, ապա իրական պատմական գործընթացների հետ համընկման մասնաբաժինը նվազում էր 16 տոկոսով, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մասնագետների խոսքով նման հետազոտությունների օգնությամբ կարելի է ոչ միայն նկարագրել անցած իրադարձությունները, այլ նաեւ բացատրել ընդհանուր պատմական օրինաչափությունները՝ «մաթեմատիկական» ճշտությամբ: Հնարավոր է նույնիսկ, որ դա օգնի գիտնականներին կանխագուշակել ապագան, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:





























