Հայաստանում համակարգչային օգտատերերի մոտ 88%-ը դեռ օգտագործում է պիրատային արտադրանք: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ վերջին 8 տարում պիրատության աստիճանն իջել է 96%-ից մինչեւ 88 %, սակայն դա անբավարար է: «Թվում է՝ օրենսդրությունը բավականին խիստ է, 50 հազ. դրամի խախտումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել: Սակայն եթե ունենք համարյա 90% պիրատություն, նշանակում է՝ օրենսդրությունը չի բխում իրականությունից: Մենք առաջարկում ենք քրեական շեմը բարձրացնել այն աձանց նկատմամբ, որոնք չարակամորեն գողանում, տեղադրում եւ իրացնում են մեր արտադրանքը, իսկ մնացած խնդիրները բերել վարչական պատասխանատվության տիրույթ, որն ավելի իրականությանը մոտ կլինի»,- ասաց Գ. Բարսեղյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ընկերությունը շահել է մի շարք դատական գործընթացներ, սակայն հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրը լուծված համարել չի կարելի, այն խոչընդոտում է նաեւ այլ ընկերությունների մուտքը Հայաստան: Ըստ Գ. Բարսեղյանի՝ ամենապարտաճանաչը բանկերն են ու հեռահաղորդակցական ընկերությունները, որոնք 100%-ով օրինական ծրագրեր են օգտագործում: Իսկ պետական մարմիններում դեռեւս պիրատություն կա, որի վկայությունն է ձեռքբերվող համակարգիչների ու ծրագրերի քանակի միջեւ տարբերությունը: