Քաղավիացիայի գլխավոր վարչությունում կասկածում են ICAO-ի գլխավոր քարտուղար Ռայմոն Բենջամինին վերագրած ադրբեջանական լրատվամիջոցների խոսքերի հավաստիությանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, սեպտեմբերի 24-ին Մոնրեալ քաղաքում մեկնարկած  ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 38-րդ համաժողովին   իր մասնակցությունն  է ունեցել նաեւ Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը՝ վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ:

«Պատվիրակության անդամներն ակտիվորեն մասնակցել  են բոլոր քննարկումներին, որոնց ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը ոչ միայն  այդպիսի հարց չի բարձրացրել, այլեւ պասիվություն է դրսեւորել այդ հանդիպումներին՝  իր մասնակցությամբ: Միաժամանակ, թերահավատորեն ենք մոտենում տեղեկատվությանը, քանի որ ICAO-ն, չլինելով քաղաքական մարմին, չի կարող քաղաքացիական ավիացիայի խնդիրներին տալ քաղաքական գնահատական, կամ դեմ լինել թռիչքներ իրականացնելուն՝ խաղաղ նպատակներով»,-ընդգծել է Չերչինյանը:

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները կասկածելի տեղեություններ էին տարածել, որ ICAO գլխավոր քարտուղար Ռայմոն Բենջամինն իբրեւ «անթույլատրելի էր համարել Ադրբեջանի օդային տարածքի վրայով չարտոնված թռիչքների իրականացումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի եւ ՄԱԿ-ի կողմից ընդունված եւ արտոնված չորս բանաձեւերով Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության հետ»: Ավելին, IATA գլխավոր տնօրեն Թոնի Թայլերը իբրեւ կաարծիք է հայտնել, որ «ադրբեջանական կողմի փորձերը, ուղղված թռիչքների իրականացումը կանխելուն, խաղաղ բնույթ են կրում»:

ԱՅս առնչությամբ կարելի է եզրակացնել, որ կամ ադրբեջանական լրատվամիջոցները հանդգնորեն աղավաղել են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների բառերը, կամ այդ ներկայացուցիչները ծանոթ են Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքներին: