Ներկայում եւ անցյալում ծխող մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան նրանք, որոնք երբեք չեն տառապել այդ վատ սովորությունից: Ավելի վաղ գիտնականներն արդեն գիտեին նիկոտինի ու ցավի փոխադարձ կապի մասին: Փորձագետների մի խումբը ենթադրում էր, որ ծխախոտը նվազեցնում է զգայունությունը: Մյուս խումբը հայտարարում էր բոլորովին հակառակը՝ ծխող մարդիկ ավելի են հակված քրոնիկ ու սուր ցավերին: Նորթ Բեյի հիվանդանոցի բժիշկ Ասլակ Յոհանսենը որոշել է մանրամասնությամբ ուսումնասիրել հարցը: Նա հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել են մոտ 10364 կամավորներ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Փորձին մասնակցած տղամարդկանց ավելի քան 18 տոկոսը եւ կանանց 22 տոկոսը ծխել են: Կանանց 39 տոկոսը եւ տղամարդկանց 47 տոկոսն էր նախկինում այդ վատ սովորությունն ունեցել: Զգայունությունը ստուգել են հասարակ փորձով՝ կամավորները պետք է հնարավորինս երկար ձեռքը պահեին սառը ջրում: Պարզվել էր, ցավին ավելի լավ դիմադրում են նրանք, ովքեր չեն ծխում: Ծխողների համեմատ մի փոքր ավելի դիմացկուն էին նախկին ծխողները:





























