ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հաստատել է Դաշինքի պատրաստակամությունը՝ հետագայում եւս աջակցել բարեփոխումներին, որոնք իրականացվում են  Հայաստանի պաշտպանության ոլորտում: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում կայացած բրիֆինգի ժամանակ:

Ափաթուրայը նշել է, որ Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելության կազմում, մասնավորապես, նշելով Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ՀՀ-ի մասնակցությունը: «Դա հստակորեն վկայում է այն մասին, որ Հայաստանը խաղաղության աջակցությանն ուղղված միջազգային ջանքերի ակտիվ մասնակից է»,-ասել է նա:

Ափաթուրայը հաստատել է ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանում պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես, նոր պաշտպանական ռազմավարության ստեղծման, ռազմական կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

«Մենք շատ բան ենք անում եւ կարող ենք ավելին: Հիմա կարեւոր ժամանակաշրջան է մինչեւ 2014-ի հոկտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը: Մենք մտածում ենք ապագայի մասին՝ Աֆղանստանում առաքելության ավարտից հետո»,-նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՆԱՏՕ-ն ակտիվորեն խորացնում է համագործակցությունը իր գործընկերների հետ: «Մենք ցանկանում ենք էլ ավելի խորացնել համագործակցությունը, լսել գործընկերների կարծիքները այդ խորացման մասին:»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանը սահմանափակումներ չունի ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, Մաքսային միության հետ լավ հարաբերություններ պահպանելու հարցում:
«Մենք նույնպես այդ կարծիքին ենք: Երկրորդ. արձանագրվել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես, Աֆղանստանում»,-ասել է Ափաթուրայը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am