ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի հետ բացեց գրասենյակի համաժողովների վերանորոգված դահլիճը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դահլիճի բացման արարողությունից հետո ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի. ՄԱԿ-ի գործակալությունների եւ ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձան անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին, ներկայացրել են իրագործվող նախագծերը։

Նախարար Նալբանդյանը նշելով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի ակտիվ անդամներից մեկը՝ տարեցտարի ընդլայնելով իր ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին եւ համագործակցությանը՝ բարձր է գնահատել Հայաստանում անկախությունից ի վեր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աջակցությունը մեր երկրի զարգացմանը։

Հանդիպմանը մասնակիցների խնդրանքով ԱԳ նախարար Նալբանդյանը ներկայացրել է վերջերս Նյու-Յորք կատարած այցելության շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ ունեցած հանդիպման արդյունքները։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը ՄԱԿ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Արտգործնախարարը պատասխանել է նաեւ մասնակիցներին հետաքրքրող հարցերին։