Հուշարձանագետ Սամվել  Կարապետյանը ՀՀ սահմանամերձ  բնակավայրերի` Վարագավանի, Բերդավանի, Ախթալայի  և Ալավերդու դպրոցականների հետ իրենց բնակավայրերի պահպանված պատմական հուշարձաններին ծանոթանալու նպատակով կազմակերպված արշավների ընթացքում հայտնաբերել է 9 հնավայր Լոռու մարզի Ջիլիզա գյուղի շրջակայքում  եւ  եւս 19-ը՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում։

Ջիլիզա գյուղում և դրա շուրջ տարբեր բնավայրեր կան` հիմնականում գյուղատեղիներ, բերդեր, ավերակ եկեղեցիներ, խաչքարերով գերեզմանոցներ, մինչդեռ մինչև հիմա 10 հնավայրերից հայտնի է միայն մեկը` Բազաբերդը կամ Չախալաբերդը:

«9 հնավայր, ամեն հնավայրում բազմաթիվ արձանագիր խաչքարեր և տարբեր տեսակի հուշարձաններ, նաև վիմագրական իմաստով  ահագին նորություն կա, որ պատմության համար շատ կարևոր է և նորահայտ»,- լրագրողներին ասաց Սամվել Կարապետյանը:  

Հուշարձանագետի խոսքով՝ Ոսկեպարի շուրջ 20 հնավայր կա, այդ թվում՝ միջնադարյան լավ պահպանված բերդ, 2 վանական համալիր` մեկը հայ-քաղկեդոնական, մյուսը հայ-առաքելական, քաղկեդոնական վանական համալիրում նույնիսկ որմնանկարներ կան պահպանված, և այդ 20-ից միայն մեկն է  ներկայացված` Ոսկեպարի եկեղեցին:

2 տարի տևած «SOS մշակույթ» ծրագիրը, որը ղեկավարում էր Վայրի բնության   և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, հովանավորում՝ Եվրամիությանը, Հայկական Ճարտարապետությունը ուսումնասիրող կազմակերպության մասնակցությամբ ավարտվել է հոկտեմբերի 18-ին։

Ծրագրի ընթացքում կազմակերպվել են արշավներ,  դպրոցականներն այցելել են ոչ միայն իրենց հարևան պատմական հուշարձանները, այլև բավական հեռու վայրեր, միասին չափագրումներ են արել` երեխաներին մասնակից դարձնելով գործին։

«Միասին մաքրել ենք հուշարձանների տարածքը, որովհետև ես այս հատվածը շատ էի կարևորում: Եթե այսօր մեկը աղբ հավաքի, դժվար  թե վաղը ինքը աղբ թափի, կամ եթե ինքն ուրիշի խզբզածը մաքրի, դժվար թե ինքը իր անունը գրի»,- ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Ուսումնասիրությունների արդյունքում 5 տարբեր հրատարակություն է լույս տեսել՝ Ոսկեպար և Ջիլիզա գյուղերի հուշարձանների մասին, Տավուշի և Լոռու մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցներ և «Ձեռնարկ Հայրենատիրության» գրքույկը:

Հուշարձանագետի խոսքով՝ Ոսկեպարի և Ջիլիզայի մասին գրքույկները ցույց են տալիս, որ ՀՀ տարածքում առ այսօր 10-ից մեկ հուշարձանն է միջինում ուսումնասիրված. «Սա շատ վատ տեղեկություն է, ես նույնիսկ տարակուսած եմ այս թվերի առումով»: