Բելգիայում ձերբակալել են դաշնային խորհրդարանի պատգամավոր, ֆրանսալեզու բնապահպանների Ecolo կուսակցության համահիմնադիրներ, «Ձախ շարժման» ղեկավար Բերնար Վեսպալին: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ խորհրդարանականը մեղադրվում է սեփական կնոջ սպանության մեջ:
Մամուլը պարզել է, որ Վեսպալը անձամբ ոստիկանություն է զանգահարել եւ հայտնել, որ կինն ինքնասպանություն է գործել:
Պատգամավորը իրավապահներին հայտնել է, որ կնոջը գտել էր Հյուսիսային ծովի հանգստավայրերից մեկում` հյուրանոցի համարի լոգարանում: Ըստ պատգամավորի վստահեցման՝ իր կինը ընկճախտով էր տառապում: Ողբերգության նախորդ երեկոյան ամուսինները ընթրել են ռեստորաններից մեկում, որից հետո այցելել են մի քանի բար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խորհրդարանականի խոսքերը քննիչների մոտ կասկած են հարուցել, քանի որ պաթոլոգանատոմը չի բացառել բռնի մահվան հավանականությունը: Կնոջ մահվան պատճառը պարզել հնարավոր կլինի դիահերձումից հետո, իսկ մինչ այդ Վեսպալը կալանքի տակ է:





























