Հայաստանի առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է ներկայացրել շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների եւ դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ:
«Այսօր Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում», մինչդեռ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուրջ կարգավորման կարիք ունի: ՀՀ կառավարությունը 2011 թվականին թույլատրելով փաթեթավորման ոչ էական փոփոխություններով դեղերի ներմուծումը, բնականաբար, նպատակ չէր հետապնդում գների իջեցման միջոցով վտանգել բնակչության առողջությունը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ բոլոր դեղերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված։ Թյուր է այն կարծիքը, որ դեղերը գրանցված համարելու համար բավական է համընկնեն դեղերի անունները: Օրենսդրական հստակ պահանջ է, որ ներկրվող դեղը բոլոր ցուցանիշներով պետք է համապատասխանի գրանցանմուշին եւ գրանցամատյանում ընդգրկված տվյալներին` անվանում, բաղադրակազմ, դեղաձեւ, դեղաչափ, թողարկման ձեւ, փաթեթավորում, արտադրող (ներառյալ` գրանցման հավաստագրի իրավատեր), արտադրող երկիր, դեղատնից բացթողնման կարգ: Հայաստանում շրջանառվող դեղի որակի անվտանգության եւ արդյունավետության ապահովման համար պատասխանատվություն է կրում միայն գրանցման հավաստագրի իրավատերը: Եթե այս ցուցանիշերից առկա է անգամ չնչին տարբերություն, ապա հավաստագրի իրավատիրոջից բացի որեւէ մեկը չի կարող հայտարարել, որ խոսքը Հայաստանում գրանցված նույն դեղի մասին է: Առավել եւս, եթե դեղերի փաթեթները սպառողի համար անհասկանալի օտար լեզուներով են, որոնց վրա բացակայում է արտադրողի մասին նշումը։ Մամուլում շահարկվող «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բոլոր դեպքերում գրանցման հավաստագրի իրավատերը հրաժարվում է պատասխանատվություն կրել գրանցանմուշին չհամապատասխանող դեղերի համար: Միջազգային փորձագետների դիտարկումներով «զուգահեռ ներմուծում» երեւույթը լի է կեղծ դեղերի տարածման վտանգով։ Եվրոպայի Խորհրդի զեկույցում արձանագրված է. «Դեղերի իրացումից ստացվող եկամուտների եւ զուգահեռ ներմուծման մյուս ասպեկտների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ զուգահեռ ներմուծումից պացիենտները չեն շահում (շահողը միայն ներմուծողներն են) եւ բավարար հիմքեր կան պնդելու, որ դեղերի զուգահեռ ներկրումը հանրության համար բացասական երեւույթ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում դեղերի կեղծման համար»: Ասվածը հաստատում է Վրաստանի փորձը, որտեղ «զուգահեռ ներմուծման» հսկողություն չի իրականացնվում: Արդյունքում վրացական շուկայում առկա են կեղծ դեղեր, որոնք փորձ է արվում ներկրել Հայաստան նույնիսկ օրինական ճանապարհով: Ի դեպ, դեղերի ներմուծման հավաստագրման քսանամյա պատմության ընթացքում նման դեպք չէր արձանագրվել:
Հարկ է նշել, որ գրանցանմուշի հետ անհամապատասխանության ցանկացած ոչ էական թվացող տարբերություն կարելի է դիտարկել որպես դեղի կեղծման ահազանգ: Այդ է պատճառը, որ ներմուծվող դեղերի փորձաքննության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնի մասնագետներն, անմիջապես մաքսային պահեստներում ստուգելով դեղի տեղափոխման եւ պահպանման պայմանները, կատարում են նմուշառում, ներկրվող խմբաքանակներից վերցված նմուշների փաթեթները եւ կիրառման հրահանգները կենտրոնում համեմատվում են գրանցված դեղի հետ: Փաթեթի անհամապատասխանության ժամանակ իրականացվում են լաբորատոր փորձաքննություն, մանրամասն ուսումնասիրություններ, ինչպես նաեւ պարզաբանումներ դեղի համար պատասխանատու կազմակերպության հետ, որպեսզի հնարավորինս կանխվի անորակ եւ ոչ անվտանգ դեղերի մուտքը հանրապետություն: Այս գործընթացի արդյունքում էր, որ հնարավոր եղավ հայտնաբերել Վրաստանից Հայաստան ներկրվող երեք կեղծ դեղերը (սանդոստատին, դոստինեքս, ռոցեֆին), որոնց կեղծման դեպքը հաստատվել է նաեւ դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի կողմից: Վերջին մեկ տարվա ընթացքում դեղերի ներկրման փորձաքննության արդյունքում չի թույլատրվել եւս 12 անորակ դեղի ներմուծումը հանրապետություն:
Դեղի առանձնահատկությունն այն է, որ դրա նկատմամբ երբեք չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի: Բացի այդ, դեղի որակը կարող է փոփոխվել ոչ ճիշտ պահպանման հետեւանքով: Ուստի, պետք է հսկողություն իրականացնել շրջանառության բոլոր փուլերում: Այդ նպատակով ստեղծվել է նախարարության տեսչական ծառայությունը, որը հսկողություն կիրականացնի նաեւ դեղատնային գործունեության նկատմամբ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ «Նատալի ֆարմի» դեղատներում ուսումնասիրությունների ժամանակ «Պրեգնիլ» դեղի նշված սերիան չի հայտնաբերվել: Սովորաբար, նման փաստերի հրապարակումից հետո դժավարանում է խախտման բացահայտման գործընթացը: Այս առթիվ հիշեցնում ենք, որ ինչպես բազմիցս է ասվել, Դեղերի փորձագիտական կենտրոնը տեսչական ստուգումներ անելու, ինչպես նաեւ պատժելու լիազորություններ չունի։ Շուկայից ստացվող յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում եւ ընդունվում են համապատասխան կարգավորիչ որոշումներ:
Ինչ վերաբերում է դեղերի մատչելիության խնդրին, ապա պետք է նշել, որ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ նաեւ այդ խնդրի լուծման նպատակ է հետապնդում` սահմանելով գների կարգավորման պահանջ»,- ասվում է պարզաբանման մեջ:




























