Ծալվող հովանոցը հայտնագործվել է 20-րդ դարի 60-ական թվականներին, սակայն այդ ժամանակվանից ի վեր՝ դրա կառուցվածքը գրեթե չի փոխվել: Այդ առարկան վերափոխել եւ թարմացնել որոշել են ճապոնացիները, իսկ այդ գաղափարը ծնել են արեւադարձային փոթորիկները, որոնք այս տարի բազմաթիվ անգամներ են կրկմվել երկրի տարածքում:

Փոթորիկներից հետո փողոցներում բազմաթիվ հովանոցներ են հայտնվել, որոնք խաթարել են կոմունալ ծառայությունների աշխատանքը: Հենց դա էլ դրդել է ճապոնացի դիզայներ Հիրոսի Կաձիմոտոյին պատրաստել «հակաթայֆունային հովանոց», որը կդիմանա տարերքին: Նոր հովանոցների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բացի ներքին ամրակներից, կան նաեւ արտաքիններ, որոնք ունեն ընդհանուր հիմք: Դրանք երկու անգամ կարճ են եւ թույլ են տալիս անձրեւանոցը երկու կողմով հավաքել: Այսպիսով, քամոտ ու անբարենպաստ եղանակի ժամանակ քամին չի կարողանա կոտրել կայուն հարմարանքները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նորույթը դեռեւս վաճառքի չի հանվել, սակայն դրա գինն արդեն հայտնի է՝ մոտ 100 դոլար: Բացի այդ, գույները եւս բազմազան չեն՝ կապույտի ամենատարբեր երանգներ: