Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ նրանք քննարկել են առեւտրա-տնտեսական հարաբերությունները, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի նոյեմբերի 9-ի մոսկովյան այցի մասին հայտարարել էր նրա մամուլի ծառայությունը: Սակայն դրանից հետո նախագահների հանդիպման մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չէր ստացվել, իսկ ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը նորությունների թողարկման ժամանակ ակնարկել էր, թե Կիեւին Յանուկովիչը հրաժեշտ է տվել, իսկ Մոսկվա չի եկել:
«Նախորդ անգամ աշխարհի ամենաազդեցիկ մարդու (Պուտինի) հետ 5 ժամանոց զրույցն այնքան թունդ էր եղել, որ ԵՄ-ին ինտեգրումը գրեթե կանգ էր առել: Այժմ, գլխավոր ինտեգրողը մեկնում է Արեւելք: Սակայն ճանապարհին անսպասելի մոլորվել է: Մոսկվա չի եկել, իսկ Կիեւին արդեն հրաժե՞շտ է տվել: Ո՞ւր է կորել Յանուկովիչը», - ասել էր հաղորդավարը:





























