Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանի հետ եւ քննարկել զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր:

 Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերին, Երեւանի քաղաքապետը նշել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում այս ոլորտում ծրագրային հստակ քաղաքականություն իրականացնելու եւ Երեւանը զբոսաշրջիկներին լավագույնս ներկայացնելու ուղղությամբ. «2795 ամյա Երեւանը, որն ունի մշակութային հարուստ պատմություն, ձեւավորված ավանդույթներ ու հյուրընկալ բնակիչներ, իսկապես աշխարհին ներկայանալու լայն հնարավորություններ ունի: Մենք ակտիվ համագործակցում ենք զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած մի շարք ընկերությունների հետ Երեւանում զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու համար: Հուսով եմ, որ առաջիկայում նաեւ Ձեր ջանքերի շնորհիվ, տիկին նախարար, այս ոլորտում կունենանք համագործակցության ու փորձի փոխանակման հեռանկարային զարգացումներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ Երեւանի զարգացման ծրագրերով այսօր աշխատանքներ են տարվում նաեւ մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացման ու տարբեր սպորտաձեւերի զարգացման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն ուրախությամբ փաստել է, որ այսօրվա Երեւանն իսկապես լայն հնարավորություններ ունի մեծ թվով զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար. «Վստահեցնում եմ, որ անձամբ իմ մասնակցությունը կունենամ Երեւանի եւ Ուրուգվայի քաղաքների միջեւ համագործակցության հաստատման գործում, ինչպես զբոսաշրջության, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Լիլիամ Քեշիշյանը:

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Երեւան ժամանած Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյի զբոսաշրջության տնօրեն Րաֆֆի Ունանյանն էլ, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Մոնտեվիդեոյի քաղաքապետի ջերմ ողջույններն ու հայտնել երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցություն հաստատելու հարցում վերջինի պատրաստակամության մասին:

Շնորհակալություն հայտնելով երկու մայրաքաղաքների համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու Մոնտեվիդեոյի գործընկերոջ առաջարկի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում եւ առաջարկել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ եւ մշակել համագործակցության համապարփակ ծրագիր: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անիբալ Կաբրալն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը Երեւանի եւ Ուրուգվայի քաղաքների միջեւ փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ: