Իսպանացի եւ գվատեմալացի հնէագետները Գվատեմալայի հյուսիսում հայտնաբերել են մայաների քաղաքակրթության պատի առաջին ավերակները։ Ըստ գիտնականների՝ այն մ.թ.ա. VIII դարով է թվագրված, գրում է El Nuevo Herald-ը։
Որմնանկարներով պատի ավերակները հայտնաբերվել էին Գվատեմալայի հյուսիսի Պետեն դեպարտամենտում, որը սահմանակից է Մեքսիկային ու Բելիզին։
Պատկերը գտնվում է մայաների պալատի պատին՝ կառուցված ուշ դասական շրջանում (600-900թթ.)։
Որմնանկարի սյուժեն պատմական իրադարձության վրա է հիմնված՝ կապված նվիրաբերությունների հետ։ Պատին պատկերված են կանայք, տղամարդիկ, երեխաներ եւ տարեցներ, նաեւ՝ բազմաթիվ հիերոգլիֆներ, փոխանցում է Russia Today-ը։
Սա մայաների դարաշրջանի առաջին պատկերներից է, որտեղ գեղանկարիչը ներկերը ջրով բացել է՝ առավել բնական պատկեր ստանալու համար։
Փորձագետի խոսքով՝ այդ տեխնիկան շատ նման է Սիքստինյան կապելան նկարելիս Միքելանջելոյի կիրառած տեխնիկային։ Ըստ հնագետների՝ չի բացառվում, որ մայաների նմանատիպ որմնանկարներ պահպանված լինեն նաեւ այլ քիչ ուսումնասիրված վայրերում։





























