Միտքը 59-ամյա Խորխե Օդոնի մոտ պատահական է ծնվել, այն բանից հետո, երբ տեսանյութ է դիտել, որտեղ սովորական պլաստմասե փաթեթի օգնությամբ շշից դուրս էին հանում խցանը: Նա կարծել է, որ նույն սկզբունքը կարող է փրկել երեխաներին, որոնք ամբողջությամբ չեն կարողանում դուրս գալ մոր ագանդից, պատմում է New York Times-ը:
Նախատիպն ավտոմեխանիկը պատրաստել է իր խոհանոցում ՝ մայրական արգանդի փոխարեն օգտագործելով մեծ ապակե անոթ, մանկան դերում՝ աղջկա տիկնիկը, պլաստմասե պարկ ու թեւք, որը կարել էր կինը: Նրա սեփական երեխաները ծնվել են առանց բարդությունների, սակայն հորաքույրը ծանր ծննդաբերություն է ունեցել, որի հետեւանքով երեխան մահացել է, ինչն էլ հանգեցրել է մոր նյարդային խանգարումներին, հաղորդում է Russia Today-ը:
Խորխե Օդոնի սարքն աշխատում է այսպես. Պոլիէթիլենային պարկը դրվում է թեւքի մեջ, որը կիպ գրկում է երեխայի գլուխն, ու օդով է լցվում, որն էլ ապահովում է ճնշումը: Այնուհետ պարկի հակառակո կողմից ձգելով թեւքից՝ հնարավոր է դուրս հանել երեխային:
Իր զարմիկի օգնությամբ Խորխե Օդոնը հանդիպել է Բուենոս-Այրեսի գլխավոր հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի տնօրենի հետ: Բժշկին հիացրել է գաղափարն ու նա նշել է, որ արգենտինացու սարքը զարմանալիորեն պարզ է օգտագործման մեջ ու կարող է լայնորեն կիրառվել երրորդ աշխարհի երկրներում, որտեղ մանկաբարձների պատրաստվածության մակարդակը ցածր է: Սովորաբար այնտեղ, որտեղ անհապաղ կեսարյան հատում չեն կարող իրականացնել, ծննդաբերողին թողնում են ինքնահոսի: Առ այսօր ծննդաբերությունների ժամանակ տարեկան մահանում է 5,6 մլն երեխա ու 260 հազար կին: Դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում աղքատ երկրներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն փորձարկել է հայտնագործությունը Արգենտինայում՝ 30 ոչ բարդ ծննդաբերությունների ժամանակ ու պատրաստվում է կիրառել 170 բարդ դեպքերում: Առկա արդյունքները բժիշկներին լավատեսություն են ներշնչում: Նման սարքի ստեղծումը կարժենա 50 դոլարից ոչ պակաս:





























