Թվիթեր սոցցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը դարձել է Թումո խորհրդի անդամ: Գրիգորյանը կկիսի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իր տասնամյա փորձն  ու կրթության հանդեպ եռանդը Թումոյի ղեկավարների թիմի հետ, հայտնում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից: 

Որպես Թվիթերի ՏՏ ոլորտի առաջնորդ՝ Գրիգորյանր ղեկավարել է Թվիթեր ընկերության ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS մոբայլ համակարգին եւ օգնել ստեղծելու գեոլոկացիոն ծրագիրը: Այսօր նա Թվիթեր ընկերությունում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ենթակառույցների համար:

Նախքան Թվիթերին միանալը, Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը՝ ստարտափ ընկերություն, որը Business Week ամսագիրն  անվանել էր 2008 թ. լավագույն գաղափար: Նա դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում, ինչպես նաեւ հանդիսանում է O’Reilly Media-ի կողմից հրատարակված TiVo Hacks գրքի հեղինակը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ «Մեդիա լաբի» նախկին անդամը:

2014 թ. գարնանը Գրիգորյանը Թումոյում կղեկավարի ծրագրավորման խորացված աշխատարան՝ օգնելով ընդլայնել Թումոյի ծրագրավորման ոլորտի ուսումնական ծրագիրը: