ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որը մեկնարկել էր մի քանի տարի առաջ` 2013 թվականի նոյեմբերին 29-ի Վիլնյուսյան գագաթաժողովի օրակարգով, «սառը պատերազմից» հետո ի ցույց դրեց քաղաքակրթությունների բախման փաստը՝  Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Այդ մասին ասվում է «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ:

Ըստ Փոստանջյանի, քաղաքակրթությունների բախման էպիկենտրոնում գտնվող ժողովուրդները, որոնց թվում նաեւ հայերն են, ունեն  հնարավորություններ եւ պարտավոր են գործել ի շահ իրենց ազգային պետությունների: Նրանք իրենց շահը բանեցնելու համար պետք է վերադառնան իրենց ակունքներին եւ անգին համարեն իրենց ինքնիշխանությունը (ինքնիշխանության ներքո զարգանալու բացարձակ այլընտրանք չունեցող հնարավորությունը):

«Ռուսաստանը, Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով, չհրաժարվեց իր տարածքում գործող արատավոր համակարգից, որն ի սկզբանե դատապարտված էր, եւ շարունակելով շահագործել` այն 21-րդ դարում ձեռք բերեց «խողովակի եւ այն սպասարկող մարդկանց » տնտեսությամբ գոյատեւող պետության անվանումը:

Մայրամուտ ապրող Ռուսաստանի տնտեսության  համար զարգացման դրական դինամիկա ձեռք բերելը գրեթե անհնար է: 

Հայաստանի դեպքում ամեն ինչ նույնպես պարզ է եւ ակնհայտ: Իբրեւ ռազմավարական դաշնակից եւ անվտանգության երաշխավոր`  հայ հասարակությունը որոշ չափով հանդուրժել է Ռուսաստանի վարքագիծը:

Իշխանությունների մակարդակով խոսվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Դարավոր բարեկամությունից իբրեւ թե օգտվելով՝ ՀՀ շատ քաղաքացիներ  սեզոնային կամ ավելի երկարատեւ ժամանակով աշխատում են Ռուսաստանում: Երբեմն խախտվում է թվացյալ բարեկամական մթնոլորտը` Ռուսաստանում սպանված հերթական հայի դիակը առանց աղմուկի  պատմական հայրենիք տեղափոխելով, զանգվածային ոչնչացման զենքերի խմբաքանակներ մեր թշնամուն վաճառելով, որի մասին իշխանությունները երկուստեք հայտարարում են, որ արտառոց ոչինչ չկա, Ռուսաստանում հակահայկական հիստերիա չկա: Սակայն Հրաչյա Հարությունյանի կալանավորումը  եւ Ռուսական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հակահայ տեսանյութը հակառակը փաստող ապացույցներից մեկն է:

Այն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունները երկար տարիներ գնահատվում են անբավարար եւ Ռուսաստանի կողմից ոչ բարեկամական, ապացուցվում է նաեւ հետեւյալ փաստով՝  2002թ. կնքվեց միջպետական պայմանագիր` «Գույք՝ պարտքի դիմաց»: Հայտնի է, որ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով զիջված ոչ մի ձեռնարկություն առ այսօր չի աշխատում: Ռուսաստանը, եթե 10 տարի առաջ դառնալով սեփականատեր` մտադիր չէր շահագործել դրանք, ապա ներկայումս առավել քան մտադրություն չունի, քանի որ նա նույնիսկ իր երկրում գտնվող  ձեռնարկություններն է պարապուրդի մատնել: Սրանից կարելի է պարզ հետեւություն անել, որ մեր երկրի հետ ունեցած հարաբերություններում տնտեսական շահը Ռուսաստանի համար գերակա չէ: Ռուսաստանի համար դրա բնորոշումը ֆորպոստն է եւ Կրեմլի կողմից նշանակված գուբերնատոր Սերժ Սագսյանը:

Հայ ժողովրդի համար գերակա քաղաքականությունը` Հայաստանում հայկական իշխանության հաստատումն է»,- նշել է Փոստանջյանը: