Գյումրիում ոստիկանների եւ բժշկի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործի շրջանակներում պատրաստ է դատաբժշկական փորձաքննության պատասխանը, իսկ մյուս՝ ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը կլինի առաջիկայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի կարգավիճակում գտնվող բժիշկ Վահագն Մադոյանի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:

Նա նշեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝  թե ոստիկանների, թե բժշկի վրա մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: «Զարմանալի է, որ այդ պարագայում մեղադրանք է ներկայացվել»,- ասաց փաստաբանը:

Իսկ ապրանքագիտական փորձաքննությունը պարզելու է միջադեպի ընթացքում ոստիկանի պատռված համազգեստի եւ ակնոցի գինը:

Վահագն Մադոյանի փաստաբանն ասաց, ո բոլոր փաստաթղթերին ծանոթանալուց հետո իրենք միջնորդություն կներկայացնեն բժշկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, քանի որ համարում են, որ նրաարարքը սխալ է գնահատվել քրեաիրվական տեսանկյունից: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ, 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Վահագն Մադոյանը կալանավորվել էր, բայց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել